Երևանի Պետական Համալսարան

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի նախարարների խորհուրդը ընդունել է Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում։

1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ՝ բազմաթիվ հյուրեր արտասահմանից։ Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։ Համալսարանի հիմնադիրներից էր նաև Սիրական Տիգրանյանը։

Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս։ Համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի ջանքերի շնորհիվ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու են հրավիրվել արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվել է Երևանի ժողովրդական համալսարան։ Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր է ընտրվել հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը[4]։

1920-ական թվականներին համալսարանը գործել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի՝ սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում։ Ժողովրդական համալսարանում գործել է ընդամենը երկու ֆակուլտետ՝ հասարակագիտական և բնագիտական։ Իսկ արդեն 1921 թվականի հոկտեմբերից համալսարանն ունեցել է հինգ ֆակուլտետ՝ բնագիտական, արևելագիտական, տեխնիկական, մանկավարժական և խորհրդային շինարարության։ Այնուհետև բնագիտական ֆակուլտետը վերաձևավորվել է գյուղատնտեսականի, իսկ 1922 թվականի մարտին բացվել է բժշկական ֆակուլտետը։

Կառավարության 1923 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն՝ ժողհամալսարանը վերանվանվել է «Պետական համալսարան»։ Ըստ այդմ՝ բարձրացվել է «մայր» բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացվել են կրթօջախին ներկայացված պահանջները։ Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի է հրավիրել արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների։

1933-1934 ուսումնական տարում համալսարանում գործում են տնտեսագիտական, բնապատմական, պատմալեզվագրական, ֆիզիկամաթեմատիկական և մանկավարժական ֆակուլտետներ։

1934 թվականին մանկավարժական ֆակուլտետն առանձնացվել է և նրա հիմքի վրա կազմավորվել է մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան)։ Նույն ուստարում բնագիտական ֆակուլտետը բաժանվել է երկու՝ կենսաբանական և քիմիական ֆակուլտետների։

Оставьте комментарий