Անհատական նախագիծ

Սեպտեմբեր-Զևս

Զևսը հին հունական դիցաբանության երկնքի, ամպրոպի և կայծակի աստվածն է` աշխարհի տիրակալը: Նա Օլիմպոսի աստվածներից գլխավորն է: Զևսը Քրոնոսի և Հռեայի երրորդ որդին է՝ Հադեսի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրը: Զևսի կինը` Հերա աստվածուհին, նաև նրա քույրն է: Զևսի ատրիբուտներն են՝ վահանը և երկկողմանի կացինը (լաբրում), երբեմն արծիվը: Նստավայրը համարվել է Օլիմպոս լեռը (Զևս Օլիմպիացի): Բացի դրանից նա բաշխում է երկրի վրա բարին ու չարը, երբեմն նույնացվում է ճակատագրի հետ, երբեմն էլ ինքն է ճակատագրին ենթակա էակ: Նա կարող է կանխատեսել ապագան, հայտարարում է ճակատագրի կամքը երազների, ամպրոպի և կայծակի  միջոցով: Ամբողջ հասարակական կարգը հաստատված է Զևսի կողմից: Նա է նվիրել մարդկանց օրենքները, հաստատել արքաների իշխանությունը: Զևսը պահպանում է ընտանիքն ու օջախը, հետևում է ավանդույթների և սովորույթների պահպանմանը:

Հոկտեմբեր-Միհր

Այս կամ այն ցեղը մոտավոր ճշտությամբ դիմագծելու համար` նրան պիտի դիտել իր հոգու հայելու` իր կրոնի մեջ, որովհետև ցեղի մոտավոր ինքնահայտնությունը հնարավոր է միայն իր աստվածների՛ միջոցով: Իր մտաբարոյական զարգացման չափով, ցեղն իր կրոնի մեջ դնում է իր հոգեբանական գծերը, իր աշխարհզգացությունը, իր բնազանցական էությունը: Հայը լինելիական է, — հաստատում է հայոց հեթանոս կրոնը: Լինելիակա՛ն է հայը – ահա՛ ակն ու աղբյուրը՝ մեր մեծ Հույսի և Զորույթի: Այս է, որ հուրախություն թուրքի, դեռ չի գիտակցում հայ մտավորականությունը` իր մեծամասնության մեջ:
Գարեգին Նժդեհ

Ձմեռային արևադարձ է, և Հայը հազարամյակներ շարունակ, այս օրը տոնել է Մեծազոր Միհրի ծնունդը: Երկնային Լույսի և Արեգակի, Ճշմարտության, Ներազգային Համաձայնության լուսաճաճանչ Դիցն է Միհրը՝ Արարչադիր օրենքի մարմնավորողն ու հովանավորը: Արարչի ամենատես ու արդարադատ որդին, Տիեզերական Ջահը ձեռքին հսկում է Արարչական օրենքների, Աստվածադիր կարգի պահպանմանը, նաև՝ օրենքներ է սահմանում, հետևում տիեզերական ներդաշնակությանը, Հայորդիների համաձայնությանն ու միաբանությանը: Ժայռածին է մեծազոր Դիցը: Ամեն օր, իր ոսկյա մարտակառքով նա բարձրանում է Արագածի վեհաշուք գագաթն ու այնտեղից հսկո՛ւմ Հայոց Հայրենիքին: Ստի ու կեղծիքի ոխերիմ թշնամի՛ն է Արդարադատ Դիցը, ուստի Հայը երբե՛ք չի ստել: Պահիր ու պաշտպանի՛ր Ազգդ ու Հայրենիդ,- պատգամում է Միհրը, և Միհրապաշտ Հայքում ծաղկո՛ւմ էին մեր Ազգն ու Հայրենին: Ոչնչացրո՛ւ թշնամուդ,- պատգամում է Միհրը, և Հայոց Արևապաշտ Տիրակալներն իրենց կյա՛նքն էին անցկացնում՝ մեր Տեսակին սպառնացող ամենաչնչին վտանգն իսկ, իր բնում խեղդելու համար: Եղիր հաստատակամ ու խիզախ՝ ռազմի դաշտում,- կամենում է Միհրը, և Հայ զինվորի անունը հոմանիշ էր քաջության ու արիությա՛ն: Ապրիր ազատ ու պատվավոր, — պատգամում է Միհրը, և հեթանոսը Հայն իր ամենազոր Դիցի այս պատգամնե՛րն էր տարածում՝ մինչև այնտեղ, ուր հասնում էր Հայոց ռազմիկների սուրը:

Դարերի ընթացքում, նենգափոխվեց ու գլխիվայր շրջվեց Հայոց Արէգ-Դիցի պաշտամունքի խորհուրդը, և նրա կենսածին, արդար ուժի և հպարտանքի աղբյուր հանդիսացող պատգամները փոխարինվեցին «սնանկների ու տնանկների» վարդապետությամբ: ՈՒ Հայոց Լուսեղեն Դիցի հմայքը, ուժն ու խորհուրդն հիշեցնող ամեն ինչ խարանվեց ու պարփակվեց չարամտորեն հորինված մեկ անվան մեջ՝ «Վատմիհր»: Բայց իզուր. Ագռավաքարում անշե՛ջ է պահվում արտացոլումը մեհենական սրբազան հրի՝ Միհրական Օխնուկ Կրակը, որ, ժայթքե՛լու է դեռ, դո՛ւրս է ելնելու Մհերի հետ ու մաքրագործելով յուրաքանչյուրիս սիրտն ու հոգին, Հայ Ոգու Փառքի նոր ոսկեդա՛րն է բերելու աշխարհին: Մեր գյուղերում, դեռ ավետո՛ւմ են աքաղաղները սրընթաց վերելքն ամեծազոր Դիցի՝ Արագածն ի վեր. ամեն այգաբաց, այստե՛ղ է հսկվում, նախապատրաստվում այն օրը, երբ Միհրի տոնը նշող Հայկազունները կվերականգնեն մեհյանները նաև՝ Դերջանում, Վասպուրականում, ու այլուր: Իսկ մինչ այդ,
Միհրական Հուրը թող երբե՛ք չլքի Հայոց սրտերը: Բարի Լույսն ու Արեգակը թող պահպանե՛ն Հայի ուժը, արարելու կամքն ու նվիրումը: Մեծազոր Դիցի կամքով երկնքում ամբարվող սրբազան մեղրը թող ծորա՛ ամեն պահ՝ Հայոց սուրբ հողին: Թող բարի՛ք երկնեն Հայոց դաշտերը: Թող երկա՛թ կռեն Հայոց լեռները: ՈՒ թող մեծ Միհրի սուրբ հրո՛վ օծվեն Հայոց սրտերը: Շնորհավոր և Ավետիս՝ բոլո՛ր Հայերին:
«Հայրենիք» Ակումբ 

Նոյեմբեր-Արամազդը
Արամազդ, Հին Հայաստանի գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։ Ինչպես վկայում են Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու պատմությունները, Հայաստանում պանթեոնի գլուխ կանգնած էր Արամազդը, իբրև գերագույն աստված, ով ըստ դիցաբանության բոլոր աստվածների հայրն էր, երկնքի և երկրի արարիչը: Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր Մեծ Հայքի Բարձր Հայքի Դարանաղյաց գավառում՝ Երզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում, ուր գտնվում էին նաև հայոց Արշակունի թագավորների դամբարաններն ու գանձերը: Արտաշես Ա-ն հույների այդ ամենամեծ աստծո շքեղ կերպարանքը՝ «Օլիմպիական պատկերը», այսինքն՝ իր գերագույն գահի՝ Օլիմպոսի վրայից հսկաներին շանթահար անելիս քանդակված, իսկական արիությամբ իջեցրեց և ուղարկեց Հայաստան: Նրա որդին՝ Տիգրանը, այն կանգնեցրեց Անիում, մինչդեռ մյուս աստվածներին սփռեց այլ տեղերում և քուրմերին էլ նշանակեց որպես իրենց դիցահոր պաշտամունքավար: Արամազդին նվիրված տաճարներ եղել են Վասպուրականի Անձևացյաց գավառում: Հայաստանում Արամազդի մեհյան այլևս ոչ մի վայրում չի հիշատակվում, բացառությամբ Արամազդի տան, որ գտնվում էր Պաշատ լեռան մոտ:

Оставьте комментарий